Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնաթողությունը չի փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ. Փոմպեո

ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Այդ մասին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:

«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում է, եւ հարգի իր ժողովրդին»,- գրել է դիվանագետն իր Twitter-ում:

Նա նշել է. «Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա (Ջավադ Զարիֆը) եւ Հասան Ռոուհանին (Իրանի նախագահը) կոռումպացված կղերական մաֆիայի դրածո անձինք են: Մեզ հայտնի է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում է Խամենեին (այաթոլլա Խամենեին՝ Իրանի հոգեւոր առաջնորդը)»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում:

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ԱԳ նախարարի հրաժարականը:

«Հրապարակված լուրերն այն մասին, թե հանրապետության նախագահն ընդունել է Զարիֆի հրաժարականը, վճռականորեն մերժվում են»,- գրել է Վայեզին իր Twitter-ում: Իրանի օրենսդիր մարմնի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը փետրվարի 26-ին քննարկելու է Զարիֆի հրաժարականը:

«Իրանական խորհրդարանը փետրվարի 26-ի նիստի ընթացքում կքննարկի Զարիֆի պաշտոնաթողության հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Զարիֆի օգնական Աբաս Մուսավին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարության աշխատակիցները տեղյակ չեն նախարարի պաշտոնաթողության եւ դրա հնարավոր պատճառների մասին: Հավելենք, որ Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս