
77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովան

Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:
Մաղվալա Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում (Վրաստան), ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Զգալի է Մ. Գեուրկովայի ներդրումը հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության, հայ-վրացական բարեկամական, գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում, որի համար Հայաստանում և Վրաստանում նա արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների։