
Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ խնդիր կա հետագա քայլերը ճշտելու: «Նախաձեռնությունն, ի զարմանս ինձ, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էի: Շատ դրական էր արձագանքը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,-ասաց նա:
Աննա Հակոբյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակներում: «Այս պահին դեռ քննարկման փուլում է՝ ինչպես կշարունակվի արշավը»,-հավելեց վարչապետի տիկինը:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018 թվականի հուլիսի 24-ին եղել է Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ հանդիպել է ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։