Haber 7. «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է վարձակալել թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվողին
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։
Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Fenerbahçe»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ Արարատը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։ «Արարատը» 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։
Ermenihaber.am-ը փորձեց կապ հաստատել «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանեցին.
«Փորձարկվող և բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։