Աննա Հակոբյանն ընդունում է միայն սիմվոլիկ նվերներ՝ թանկարժեք նվերները երկտողով հետ է ուղարկում
«Լինում են նվերներ, բայց դրանք լինում են երկու տեսակ՝ սիմվոլիկ, հայկական արտադրության ինչ-որ իր, որը արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, եթե այն ես կրեմ, և լինում են արժեքավոր նվերներ։ Իմ փորձից ելնելով՝ արժեքավոր նվերները դնում և նույն կերպ վերադարձնում եմ նվիրատուին, հետն էլ՝ երկտող, որտեղ շնորհակալություն եմ հայտնում և ասում, որ համարեն, որ այն ես ունեմ, բայց դա չեմ կարող ընդունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ նվերներ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է սիմվոլիկ նվերներին, ապա, Աննա Հակոբյանի խոսքով՝ դրանք սիրով ընդունում է, նաև աշխատում է օգտագործել՝ հայկական արտադրանքը գովազդելու և ներկայացնելու համար։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նախորդ ամիս տարբեր գերատեսչությունների ախատակիցներ իրենց ստացած բարձր պարգևավճարները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին, մասնավորապես՝ մարզպետները, Աննա Հակոբյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի և այդ մասին առաջին անգամ է լսում։ Հիմնադրամին նվիրատվություններ են անում տարբեր անհատներ, և չգիտի, թե նրանք կոնկրետ ովքեր են։
«Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա նրանց մեծ մասին չեմ էլ ճանաչում։ Դեպքեր են եղել, երբ ամուսնուս ուղեկցել եմ այս կամ այն շրջան և հարցրել եմ, թե այդ մարդն ի՞նչ գործ ունի այստեղ, ասել են, որ մարզպետն է»,- եզրափակեց Աննա Հակոբյանը։
Զվարթ Խաչատրյան