Բաժիններ՝

Եթե Ազգային ժողովը շատ չձգձգի՝ կհասցնենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը՝ մեքենաները մինչև մայիսի 1-ը ներմուծելու մասին

ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում ընդունեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծմանը վերաբերող օրինագիծը։

ՀՀ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ կարող են ներմուծել մինչև մայիսի 1-ը։ Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: 2019 թվականին ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ են:

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ կրկին խնդիր առաջանա՝ քանակի հետ կապված, քանի որ ավելի վաղ ՀՀ վարչապետն առաջարկել էր նախագիծը լրամշակել և ամրագրել, որ մինչև 2019 թ. ապրիլի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել միայն այս պահին մաքսային տարածքում գտնվող մեքենաները, որոնց թիվը 442 է, որից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն արձագանքել էին՝ ասելով, որ մեքենաների թիվը ոչ թե՝ 442 է, այլ՝ 812, և պայմանավորվածություն է եղել մաքսակետում ու Վրաստանի տարածքում գտնվող մեքենաների մասով, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.

«Մենք մեր 812 մեքենայի տերն ենք: Ընդհանուր առմամբ մեր տված VIN կոդերն իրենց կօգնեն, որ հասկանան՝ այդ մեքենան մինչև դեկտեմբերի 30-ն է ձեռք բերվե՞լ, թե՞ ոչ»:

Հարցին՝ կհասցնե՞ն մինչև մայիսի մեկը լուծել բոլոր մեքենաների հարցերը, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը նկատեց.

«Եթե Ազգային ժողովը շատ չձգձգի՝ կհասցնենք»:

Նշենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների փոխանցմամբ՝ մեքենաների մի մասը Վրաստանում է, մաքսակետում էլ տեղ չկա, որ բերեն: Նրանց փոխանցմամբ՝ 812 մեքենայից 600-ն անցել է սահմանը, մնացածը Վրաստանում է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս