Բաժիններ՝

Գողություն՝ «Մերսեդես Բենց G500» մակնիշի ավտոմեքենայից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենայից առերևույթ խոշոր չափերով գողություն կատարած անձանց ինքնությունը։

2019թ. հունվարի 29-ին քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հունվարի 25-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված, իրեն պատկանող «Մերսեդես Բենց G500» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի դռան վրա տեղադրված պահեստային անվադողի պլաստմասե պատյանը՝ պատճառելով խոշոր չափի՝ 600 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են հարևանությամբ գործող խանութ-սրահի տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրությունների մեջ երևում է, թե ինչպես երկու երիտասարդներ մոտենում են նշված ավտոմեքենային և հափշտակելով ավտոմեքենայի բեռնախցիկից կախված անվադողի վրա առկա նիկելից և պլաստմասե դետալները՝ հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս