Աննա Հակոբյանը տեղափոխվել է Կառավարության շենք, իսկ «Իմ քայլը» հիմնադրամի համար տարածք են փնտրում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը չունի գրասենյակ, հիմնադրամի աշխատակիցներն առայժմ տեղավորվել են ԱՕԿՍ-ի շենքում։
«Բաղրամյան 26-ից ես տեղափոխվել եմ Կառավարության շենք, որտեղ ունեմ աշխատասենյակ։ Հիմնադրամի համար կառավարական շենքը կամ նման բան չի քննարկվում։ Մենք պատրաստվում ենք մեզ հարմար տարածք գտնել, որը կլինի մատչելի, քանի որ խնայում ենք մեզ վստահված յուրաքանչյուր լումա։ Բարդությունն այն է, որ տարածքները շատ թանկ արժեն, իսկ մենք չենք ցանկանում շատ գումարներ ծախսել տարածքների վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ «Իմ քայլը» հիմնադրամը տեղափոխվել է Կառավարության շենք։
Նա նշեց, որ հիմնադրամի համար անպայման տարածք կգտնեն և դրա մասին հանրությանը տեղյակ կպահեն։
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ Մաշտոցի 47 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նախկին նստավայրը կզբաղեցնի վարչապետի տիկինը, Աննա Հակոբյանն ասաց, որ նման բան չի քննարկվել։
Զվարթ Խաչատրյան