«Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի». Փաշինյան
Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց Զինված ուժերի սննդի ապահովմանը միտված Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Փոխնախարարն ասաց, որ անհրաժեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն դեռևս արձագանքել է երկու ընկերություն:
«Նախագծի նպատակն է առանց ավելացնելու զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, բարձրացնել սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն անում այս ծրագիրը մրցույթով, Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել և փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա:
Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն-մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, և երկու կողմն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:
«Դա բանակցային գործընթաց է ենթադրում, և մասնավորն ապահովություն պետք է ունենա իր ներդրումների համար, իսկ գնումների գործընթացը այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գնումների մասին օրենքի փոփոխությունները շրջանառության մեջ են:
Նախարարի տեղակալը նշեց, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է:
«Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ հնարավոր մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա և ծրագիրը կոչել ենք փորձնական»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, թե խնդիրն այն է, որ չունեն ձևակերպված այն խնդիրը, որ ուզում են լուծել:
«Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի համար: Հաջորդ խնդիրն այն է, որ վերջին ամիսներին բախվել ենք, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություն է մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետև պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, և մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց Փաշինյանը և կարևորեց գնումների մասին բարեփոխումները։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին արձանագրեց, որ նախաձեռնել են փոփոխություններ՝ չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ:
«2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել, և հաճախ պարզ չի եղել քննադատությունը վերաբերում է կարգավորումների՞ն, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունը անցած տարվա ամռանն է եղել»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը և օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծեն, քանի որ այս ոլորտում թեև արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել:
«Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված աշխատում է: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի և այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն հեղափոխական փոփոխություն զինվորների համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով Պաշտպանության նախարարության վրա՝ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի և չզուգակցվի որևէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել:
«Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի», – ասաց նա: