Բաժիններ՝

Արարատի մարզի 50 ազատամարտիկ երկուշաբթի օրը դուրս կգա  բողոքի ցույցի

Արարատի մարզի ազատամարտիկները՝ 50  հոգանոց կազմով, երկուշաբթի դուրս կգան բողոքի ցույցի: Բողոքի ակցիան Այգեստանի գյուղապետի դեմ է ուղղված, ասում են՝ հրաժարականի պահանջ չենք ներկայացնի՝ 80-ամյա գյուղապետից ի՞նչ պահանջենք,  մեր ցույցը «դաստիարակչական» բնույթ է կրելու, պարզապես ուզում ենք, որ  իրեն հանգիստ պահի, չընկնի խարդավանքների հետևից, «միլիցիանոցում» մեր գլխին գործեր չսարքի:

Մարզի ազատամարտիկները վիրավորված են, որ օրերս իրենց մարտական ընկերներին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ 80-ամյա գյուղապետի ներկայացրած բողոքի հիմքերով: Իսկ առիթը սրանից 5 ամիս առաջ թվով 6 համագյուղացիների հետ գյուղապետի աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպումն է եղել, որը, իրենց խոսքով, ավարտվել է զրույց-պարզաբանումով:

168.am-ի հետ զրույցում  հանդիպման մասնակիցներից մեկը՝ ավագանու անդամ Պավել Սարգսյանը ևս, հաստատեց, որ հանդիպման ընթացքում  որևէ միջադեպ,  բռնության փորձ կամ տհաճ խոսակցություն տեղի չի ունեցել: Իրենք հավաքվել են գյուղապետի մոտ՝ պահանջելու, որպեսզի վերականգնի գյուղամիջյան լույսերի սյուները, որոնք, գյուղապետն ասել է, թե 6-7 մետրից կտրել, 2 մ կարճացրել է, որպեսզի գյուղամիջյան փողոցներում գիշերներին լամպերով «պետերբուրգյան տպավորություն» ստանան:

Իսկ երբ գյուղացիները պնդել են, թե հին ու որակյալ լույսերի սյուներն  են պահանջում, նրբաճաշակ 80-ամյա գյուղապետը ստիպված է եղել  նահանջել  դիրքերից ու խոստացել է կատարել նրանց պահանջը:

Հետագայում,  որոշ ժամանակ անց, պարզվել է՝ այս պատմությունը նոր սկիզբ է առել:

Գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը վերանայել է իր որոշումը ու դիմել է մարզի ոստիկանություն, որպեսզի գործ հարուցվի աշխատասենյակ հյուրընկալած գյուղի բնակիչների դեմ: 3-րդ անգամ վերընտրված տարեց ՀՀԿ-ական գյուղապետը հայտարարություն է տվել առ այն, որ համագյուղացիներն իրեն հարկադրել են  սեփական ճաշակով դարձնել փողոցի լույսերը,  հակառակ դեպքում՝ սպառնացել, որ կկոտրեն  լամպերը, իսկ դրանից բացի՝ կոտրել են գյուղի գերեզմանատան ջրի ծորակը:

Ազատամարտիկներ Արտուշ Մկրտչյանն ու Արմենակ Վարդանյանը տարակուսած են, թե ինչո՞ւ  հանկարծ հանդիպումից 5 ամիս անց գյուղապետն իրենց դեմ որոշեց  բողոք գրել, ինչո՞ւ է զրպարտել իրենց, ի՞նչ հույսով: Ենթադրում են, որ այդպիսով գյուղապետը փորձել է  իրենց դեմ հին վրեժը լուծել և կանխել հետագայում այլ առիթներով իր հետ հնարավոր բոլոր  հանդիպումները: Հնարավոր է՝ Ազատամարտիկներին երկուշաբթի միանան նաև համագյուղացիներ, խոստանում են միահամուռ կերպով կերպով կանգնել  գյուղամիջում, պահանջել, որ գյուղապետը զրպարտելու համար պարզաբանում տա ու բարոյական պատասխանատվություն կրի:

Մինչ Արտաշատի ոստիկանական բաժանմունքում նյութեր են պատրաստում՝ հասկանալու  գյուղապետարանում 6+1 ֆորմատով գյուղապետի հետ հանդիպման իրական մանրամասները, մարզի ողջ ազատամարտիկները թև ու թիկունք են դարձել իրենց մարտական ընկերներին՝ նշելով, որ նախազգուշական միտինգը կանցկացնեն: Ի դեպ, 168.am-ին նաև տեղեկացրեցին, որ այս առիթով 40 հոգանոց կազմով գնացել են Արարատի մարզպետի մոտ: Մարզպետ Գարիկ Սարգսյանը, սակայն,  հակառակ իրենց սպասումների, լսել-լսել է ու ոչինչ չասելով՝ ճանապարհել նրանց:

 Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս