Կառավարությունը քննարկման է ներկայացրել հակասահմանադրական նախագիծ

ՀՀ Կառավարությունը 2019թ. փետրվարի 8-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սամանելու մասին» որոշման նախագիծը, և այն այս պահին e-draft.am-ում ներկայացված է հանրային քննարկման։

Նախագծով պարգևատրման ցուցիչը (ցուցանիշը) դիտարկվում է՝ որպես նպատակային արդյունք, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից: Պարգևատրման ցուցիչները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը և բովանդակությունը: Պարգևատրման ցուցիչները պետք է լինեն հստակ և չափելի և յուրաքանչյուր աշխատողի աշխատանքից ակնկալվող արդյունքից կախված՝ կարող են ունենալ տարբեր չափման միավորներ: Սա նշանակում է, որ աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով և հաշվարկվի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ։

Այս նախագծով սահմանվում է, որ պարգևներ տրվում են՝

  • պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և պետական ծառայողներին՝ որակյալ աշխատանքի համար։
  • փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար։

Նախագծով, սակայն, ամիսների քանակը սահմանված չէ։

  • անընդմեջ երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար

Պարգևատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ: Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը:

Բանն այն է, սակայն, որ նախագծում նշված չէ, թե 200 տոկոսն ի՞նչ ժամանակահատվածի է վերաբերում։

Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Դատավորների պարգևատրման չափը որոշվում է տվյալ ամսվա համար բարձրագույն դատական խորհրդի անդամների պարգևատրման համար կիրառված տոկոսաչափերի միջինով:

Կարգապահական տույժի ենթարկված աշխատողները ենթակա չեն պարգևատրման կարգապահական տույժը ստանալու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում:

Աշխատողը պարգևատրվում է, եթե հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է տվյալ ամսվա աշխատանքային օրերի առնվազն երկու երրորդը:

Սրանք նախագծի ընդհանուր դրույթներն են, բայց հարկ է նկատել, որ ներկայացված որոշմամբ կխախտվի 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը։

Խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»։

Այսինքն՝ սա նշանակում է, որ Կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն, այն է՝ լիազորվել է, իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել դրանք։

Օրենսդրությամբ ՀՀ Կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշումը չի կարող ընդունվել՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Այս ամենը նկատի ունենալով, փաստորեն, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կդիտարկվի՝ որպես հակասահմանադրական։

Ի դեպ, որոշման նախագծի հիմքում դրված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որևէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ։

Հիշեցնենք, որ գործող իրավական ակտով՝ «2013թ. ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ պետական ծառայողի պարգևատրումն իրականացվում է ծառայողի դրական կատարողականի հիման վրա, և պարգևատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Պետական ծառայողի պարգևատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը, և եթե կիսամյակային հաշվետվությունը գնահատվել է բացասական, կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին տվյալ աշխատողը չի հանդիսանում պետական ծառայող, ապա նա պարգևատրում չի ստանում։ Պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ։

Տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը։ Քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ դատախազության, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերում պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է յուրաքանչյուր մարմնում վերը նշված ծառայողների նախորդ տարվա աշխատավարձի տարեկան ֆոնդի 5 տոկոսի չափով։

Սույն օրենքով սահմանվում է նաև, որ պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրման և դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»։

Տեսանյութեր

Լրահոս