Բաժիններ՝

Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը

Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Ռայանը հայտարարել է, որ ինքը կուսակցության անդամ է եղել չորս տասնամյակ, սակայն այլեւս չէր կարող դրանում մնալ հակասեմիտիզմի պատճառով: Նա հայտնել է անկախ խումբ անցնելու մասին, որն ստեղծել են ավելի վաղ կուսակցությունը լքած պատգամավորները:

Ավելի վաղ բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից:

Ընդամենը լեյբորիստները 256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանի յոթ անդամների հեռանալը Լեյբորիստական կուսակցության ներսում խոշորագույն պառակտումն է դարձել 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկավ չորս քաղաքական գործիչ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Լուսիանա Բերգերը՝ նրանցից մեկը, ովքեր որոշել են լքել կուսակցությունը, հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» է դարձել:

Խորհրդարանի եւս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, հայտարարել է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել եւ հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին:

Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում է նաեւ Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչեւ 2015 թվականը եղել է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գեւին Շուքերը եւ Էնն Քոֆին: Բերգերն ընդգծել է, որ բոլոր յոթ պատգամավորները կմնան խորհրդարանում եւ այնտեղ կաշխատեն որպես «անկախ խումբ»:

Քորբինն ինքը հայտարարել է, որ վշտացած է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների Է ոգեւորել» վերջին ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս