Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավարտվեց «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու վերջին փուլը

Փետրվարի 19-ի երեկոյան ԱՄՆ-ում ավարտվել է «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու քվեարկության վերջին փուլը: Ինչպես նշել է Deadline Hollywood ինտերնետ-պորտալը, քվեարկությանն իրավունք ունեին մասնակցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի 7902 անդամներ: 2019 թվականին քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է հատուկ կայքում, թեեւ ակադեմիայի անդամների մի մասը կարող էր քվեաթերթիկը լրացնել եւ այն ուղարկել փոստով։

Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի եւ երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Լավագույն ֆիլմն օտար լեզվով», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» եւ ուրիշներ: Քվեարկության առաջին փուլի ընթացքում, որն անցկացվել է հունվարի 7-ից մինչեւ 14-ը, 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ եւ կինոյի այլ գործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրել են իրենց կատեգորիաներում:

Այժմ այդ անվանակարգերից յուրաքանչյուրում պետք է որոշվեն դափնեկիրները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է ութ կինոնկար՝ ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա»-ն, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, բեմադրիչ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը», Սփայք Լիի «Սեւ կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»-ը, Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» եւ Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա»-ն: Կինոքննադատների կանխատեսումների համաձայն, արձանիկն ստանալու առավել մեծ շանսեր ունի «Ռոման»-ն, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական մի ընտանիքի ճակատագրի մասին, եւ «Աստղը ծնվեց» մելոդրաման, որը պատմում է քանթրի ոճում հայտնի կատարողի եւ երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին:

«Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս