«Ժողովուրդ չեն, մի քանի հոգի են, ավելի ճիշտ՝ 30 հոգի են, իրենց տնեցիներն էլ հետը՝ 50-60». Արշալույսի համայնքապետը՝ իր հրաժարականը պահանջողների մասին

Արմավիրի մարզի Արալույս գյուղում բնակիչները բողոքում են՝ պահանջելով գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:

Նրանք պնդում են, որ Գրիգորյանը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը:

«Ժողովուրդ չեն, մի քանի հոգի են, ավելի ճիշտ՝ 30 հոգի են, իրենց տնեցիներն էլ հետը՝ 50-60: Իսկ  մեր գյուղում 4100 մարդ կա: Մեծ մասը խուսափում  է հարկեր վճարելուց, բողոքի ակցիան էլ դրա պատճառով է:

Օրինակ՝ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը 61 միլիոնը չի վճարել, իր որդին՝ նույնպես: Այգին անօրինական մշակում են: Դատարանի վճիռն էլ կա: 18 տարի գյուղապետարանը եղել է իրենց տրամադրության տակ, կարո՞ղ են երկու լավ բան ասել, որ արել են այդ տարիների ընթացքում:

Մանվել Գրիգորյանի համար էլ է այստեղ ազատություն եղել. ժամանակին ո՛չ հողի, ո՛չ էլ գույքի հարկերն է վճարել: Նախկինում նույնիսկ դատի եմ տվել, բայց քանի որ Մանվելի աղջիկը դատավոր էր, կարողացել են շահել դատը:

Ես ասում եմ՝ պետք է բոլորն էլ հարկերը վճարեն, որ ջրի, ասֆալտի հարցերը լուծենք:

Անօրինական ապրել են ու ուզում են այդպես էլ շարունակել: Իրենց օրենքը ձեռնտու չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զարզանդ Գրիգորյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, որ մարդկանց է ծեծել, Զարզանդ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ծեծող, ունեցվածք խլող լինեի, երեք անգամ կարո՞ղ էի գյուղապետ ընտրվել: Ո՛չ, ես ոք ոքի չեմ ծեծել, ոչ էլ ունեցվածք եմ խլել:

Այս տարի համայնքի ղեկավարի ընտրություն է լինելու, թող գնան պատրաստվեն ու մասնակցեն: Ինչ-որ ստորագրահավաքից են խոսում, որ հուլիսից սկսել ու դեկտեմբերին նոր ավարտել են: Սենց բան տեսե՞լ եք: Ի դեպ, ով էլ որ խանութ ունի, ովքեր որ պարտք են եղել, կանչել ստորագրել է տվել մարդկանց, ասելով՝ եթե ոչ՝ բերեք պարտքերը տվեք: Եկան գյուղացիներն ինձ ասեցին, ասի՝ լավ եք արել, ձեզ ոնց հարմար է, այդպես էլ արեք»:

Հիշեցնենք, որ  Զարզանդ Գրիգորյանը 10  տարի շարունակ զբաղեցնում է Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնը, նա կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Վերջին անգամ գյուղապետ ընտրվել է 2015 թվականին:

Իր խոսքով՝  10 տարուց ավելի է՝ գեներալ Մանվելի հետ կապ չունի:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս