Բաժիններ՝

Վրաստանը 70 մլն դոլար կծախսի տարերային աղետները կանխելու վրա

Վրաստանի իշխանությունները գործարկում են 70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ յոթնամյա ծրագիր, որը կոչված է երկրի բնակչությանը պաշտպանել կլիմայի փոփոխմամբ պայմանավորված բնական աղետներից։ Թբիլիսիում ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար Լուիզա Վինթոնը եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենը:

Ծրագրով նախատեսված է Վրաստանի 11 խոշոր գետերի ավազաններում ստեղծել առաջիկա տարերային աղետների ծանուցման ժամանակակից համակարգ, որը կօգնի ապահովել 1,7 մլն մարդու անվտանգությունը: Փորձագետները պնդում են, որ եթե Վրաստանը միջոցներ չձեռնարկի կլիմայի փոփոխման կապակցությամբ, առաջիկա տասնամյակում վնասը կկազմի 12 միլիարդ դոլար: Անհետաձգելի գործողությունների արդյունքում այդ վնասը կկրճատվի գրեթե 90 տոկոսով:

Նախագիծն իրագործվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ, իսկ դրա անմիջական կատարողը լինելու է շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը՝ կառավարական մյուս գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ:

Նշվում է, որ ծրագրի իրականացման համար 27 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Կանաչ կլիմայական հիմնադրամը (GCF), 5 մլն դոլար կտրամադրի Շվեյցարիայի կառավարությունը, իսկ Վրաստանի կառավարությունը կհատկացնի 38 մլն դոլար, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս