
«Վեր կաց և քայլիր». Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Այսօր միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի կարևորագույն ուղերձներից մեկը։
«Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա մարզում է։ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները։
Կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանել, կոտրել ու ցածրացնել նրան։ Այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, բայց նա չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին։
Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց։ Ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր։ Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը։ Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր։
Թումանյանն ասում էր. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։ Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք»,- ասաց նա։