«Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա. շրջանակն առայժմ հստակեցվում է». Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, ըստ նրա՝ մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի:
«Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,- ասաց Միրզոյանը:
Հարցին` հնարավո՞ր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանը պատասխանեց՝ գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:
Նա շեշտեց` ինքը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ ամենևին: Կարծում է` հիմա ունենք խորհրդարանական համակարգ և ամեն ինչ պետք է անենք այդ համակարգի կայացման համար: