
ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան

«Ուզում ենք չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը»: Այս մասին ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը:
«Դա քննարկվել է: Քաղաքական մակարդակով որոշում կա դա անելու»,- ասել է Մելքումյանը՝ ընդգծելով, որ Կալաշնիկովը ևս կարևորել է այդ հանգամանքը:
Նրա խոսքով՝ որ այս պահին զբոսաշրջության նպատակով այցելած ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մեքենա վարել իրենց վարորդական վկայականով, մինչդեռ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ ընկերություններից մեկում և ունի ՀՀ կողմից տրված վարորդական վկայական, նա չի կարող վարել ավտոմեքենա աշխատանքում: