Բաժիններ՝

Միակ ճանապարհը՝ «վերևներում նստածներին ցույց տալու, որ երկրում միակ բացարձակ արժեքը մարդն է»

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը փետրվարից 3-ից գտնվում է անժամկետ հացադուլի մեջ  է։
Կինոռեժիսորի հայտարարած հացադուլից օրեր անց՝ փետրվարի 15-ից, նրան է միացել ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը։

Չնայած ազատամարտիկի այդ քայլը սովորական դիտվեց մինչև այն պահը, երբ վերջինիս որդին՝ Տիգրան Մազմանյանը, գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ մամուլից է տեղեկացել, որ հայրը հացադուլ է հայտարարել.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ Մհեր Մազմանյանը (հայրս) հացադուլ է հայտարարել: Կխնդրեի ինձ չդիմել այդ թեմայի հետ կապված որևէ հարցով, ես նույնիսկ չգիտեմ պահանջը կամ իմաստը։ Մի փորձեք այդ փաստը ներկայացնել ձեզ ձեռնտու ձևով։ Ես եղել եմ հեղափոխության մասնակից Փաշինյանի կողքին և կլինեմ մինչև վերջ, ամեն փոփոխություն միանգամից չի լինում։Ամեն մարդ ունի իր իրավունքները: ԱմենԻնչԼավաԼինելու»,- գրել էր ազատամարտիկի որդին։

168.am-ի հետ զրույցում Մհեր Մազմանյանն անդրադառնալով հացադուլ հայտարարելու դրդապատճառներին՝ նշեց, որ հացադուլին միացել է զուտ մարդուն որպես արժեք դիտարկելու տեսանկյունից։

«Վերջին շրջանում տեսնում եմ, որ մարդուն որպես բացարձակ արժեք դիտարկելու անտարբերությունը շատ է։ Որպեսզի անտարբերության այդ քայլը չձևավորվի և այդ արատավոր երևույթը հետագայում ավանդույթ չդառնա, որոշեցի միանալ հացադուլին։ Հովհաննես Գալստյանի անձի նկատմամբ իշխանությունները շատ անտարբեր են, տեղյակ չեմ, թե Հովհաննեսի մասնագիտական պահանջն ընդհանուր ինչ է։ Ինձ համար այստեղ կարևորը մարդուն` որպես բացարձակ արժեք, դիտարկելն է, մարդ, որը բռնել է ինքնազոհության ճանապարհը։ Իմ անմիջական ներկությամբ փորձեցի կանգնել Հովհաննեսի կողքին։ Կանգնելու եմ մինչև վերջ՝ գիտակցելով, որ շատ ընկերներ, որոնք այսօր իշխանական բարձր դիրք ունեն, կփորձեն միջնորդ լինել, գալ այստեղ և զրույցների միջոցով փորձեն գալ հարցի լուծման։ Բայց ցավալին այն է, որ մինչև այս պահը նրանց կողմից նման խոհեմություն չտեսա, սա զարմանալի է»,- նշեց ազատամարտիկը։

Ըստ նրա, ինչպես Հովհաննես Գալստյանի, այնպես էլ իր հայտարարած հացադուլը ժամկետ չունի։

Ինչ վերաբերում է որդու վերոնշյալ գրառմանը, Մհեր Մազմանյանը նկատեց՝ զարմանում է, որ շատերը հենց այդ գրառումն են վերցրել՝ որպես շեշտադրում, այլ ոչ թե՝ մարդ-արժեքը։
«Յուրաքանչյուրս հասուն ու գիտակից մարդ ենք և ունենք մեր քաղաքական դիրքորոշումը, մեր քաղաքական քայլերի պատասխանատվությունը կրելու լիարժեք պատասխանատվությունը։ Տիգրանն իր մոտեցումն է արտահայտել, բնական է, որ նրան կզանգեն ու հարցեր կտան, դրա համար թող ինձ զանգեն և իրենց բոլոր հարցերն ինձ տան։ Տիգրանն իր կյանքն ունի, ինձ Տիգրանի գրառումը չի զարմացրել, զարմացրել է մարդկանց արձագանքը։ Տիգրանի գրառումը չի զարմացրել այն պատճառով, որ դա նրա կարծիքն է, իսկ ես ցանկացած կարծիք հարգում եմ»,- շեշտեց ազատամարտիկը։

Նա նաև տեղեկացրեց, որ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ է։

Նշենք, որ ազատամարտիկն ունի յոթ երեխա։

Ի դեպ, մեր զրույցի պահին Մհեր Մազմանյանին այցի էր եկել նրա ազատամատիկ ընկերներից մեկը, ով զրույցի ավարտին նշեց, որ ցավալի է տեսել, թե ինչպես է ընկերը, որն անցել է Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, այսօր նման քայլի  դիմել, սակայն Հայաստանում սա գուցե միակ ճանապարհն է՝ վերևներում նստածներին ցույց տալու, որ երկրում միակ բացարձակ արժեքը մարդն է։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. Ի դեպ, երեկ Մհեր Մազմանյանի որդին՝ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է հորը: «Ես տեղեկացրել եմ հորս հացադուլի հետ կապված հարցերով ինձ չդիմել, բայց դա չի նշանակում «հրաժարվել եմ» Հորիցս։

Թերևս ես այն երջանիկներից եմ, ում ծնողներն անսահման հայրենասեր, նվիրված, օրհասական պահին Հայրենիքի համար զենք վերցրած, գաղափարական առաջամարտիկներ են։ Մի փորձեք հարցը տանել քաղաքական դաշտ և ֆեյսբուքյան դատավարություն սկսել։

Հավատում եմ, որ իշխանությունները հարցը կլուծեն օրինականության սահմաններում։

Հորս մոտ էի, զրուցեցինք տարատեսակ թեմաների շուրջ, համոզվեցի որ առողջական վիճակը լավ է և հաջողություն մաղթեցի»:

Ես տեղեկացրել եմ հորս հացադուլի հետ կապված հարցերով ինձ չդիմել բայց , դա չի նշանակվում 《հրաժարվել եմ》Հորիցս։ Թերեվս…

Gepostet von Տիգրան Մազմանյան am Montag, 18. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս