
Նյուրնբերգում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով. DPA

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 250 կիլոգրամ քաշով արկը՝ պայթուցիչով, հայտնաբերել են փետրվարի 18-ի առավոտյան քաղաքի արեւմուտքի Հյոֆենի շրջանում: Սակրավորները պլանավորել էին ռումբը վնասազերծել երեկոյան դեմ: Աշխատանքները բարդացել են այն պատճառով, որ դանդաղ գործողության քիմիական պայթուցիչի օգտագործմամբ վնասազերծման ավանդական եղանակի կիրառումը հնարավոր չի եղել:
Ինչպես նշել է գործակալությունը, հրշեջներն աշխատանքների կատարման ընթացքում 8 հազար մարդ են տարահանել մերձակա շրջաններից: Ավելի ուշ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել նաեւ հարեւան Ֆյուրտ քաղաքում, որը գտնվում է Նյուրնբերգից յոթ կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: