«Հայաստանի սիրիական առաքելությունը զգալի վնաս կհասցնի հավաքական Արևմուտքի հետ Հայաստանի, առանց այն էլ, մշուշոտ հարաբերություններին»
Հարցազրույց «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրոատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների գաղափարին դեմ եք եղել ի սկզբանե՝ մատնանշելով մի շարք մարտահրավերներ, որոնց առնչվելու է ՀՀ-ն: Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով առաքելությունը մեկնեց Սիրիա՝ նոր թափ հաղորդելով այս թեմայի շուրջ ամիսներ շարունակ ծավալվող դիսկուրսին: Ըստ Ձեզ՝ լիովին գիտակցվա՞ծ են այն ռիսկերը և նույնիսկ օգուտները, որոնք Հայաստանը ստանալու է այս պրոյեկտից։
– Նախ՝ պետք է արձանագրել այն փաստը, որ Հայաստանում մինչ օրս ձևավորված չէ ռիսկերի և սպառնալիքների գնահատման հստակ մեխանիզմ, որը բազմակողմանի վերլուծության և համապատասխան մեթոդաբանության միջոցով թույլ կտար հաշվարկել այս կամ այն արտաքին քաղաքական քայլի կամ նախաձեռնության օգուտներն ու վնասները։ Բացի այդ, հարավորություն կտար գնահատելու տարիներ շարունակ իրականացվող արտաքին քաղաքական որոշ վեկտորների արդյունավետության մակարդակը։
Իմ անձնական հաշվարկները թույլ են տալիս ենթադրելու, որ Հայաստանի ներգրավումը Սիրիայում՝ առանց ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցի համապատասխան մանդատի, քաղաքական և իմիջային մեծ բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար։ Մի կողմ դնենք մարդկային ու նյութական կորուստների ռիսկը, որը, անշուշտ, մեծ արժեք է մեր պետականության համար, հարց է առաջանում, Ռուսաստանի դիրքերը փաստորեն Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց, որը, ամենայն հավանականությամբ, զգալի վնասներ կհասցնի հավաքական Արևմուտքի հետ Հայաստանի, առանց այն էլ, մշուշոտ հարաբերություններին։
– Սիրիայում Իրան-Ռուսաստան աճող լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:
– Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում օպոնենտներ են, և նրանց միջև լարվածությունն այնտեղ անշեղորեն աճում է. Հայաստանի` Սիրիայում ռազմամարդասիրական նախաձեռնության պարագայում, Ռուսաստան-Իրան առճակատման սրացման պայմաններում, ո՞ւմ կողքին է կանգնելու Հայաստանը։
Եթե ՌԴ-ի, ապա, բացի Արևմուտքի հետ ճգնաժամային հարաբերություններից, հայաստանյան իշխանությունների՝ ՌԴ-ի կողմից սիրիական արկածախնդրության մեջ ներգրավվելու հետևանքով լարվածություն ու ճգնաժամ կարձանագրենք նաև Հայաստան-Իրան հարաբերություններում։ Այսինքն` այս ժամանակահատվածում Ռուսաստանի դրդմամբ Հայաստանի ներգրավումը սիրիական աշխարհաքաղաքականության մեջ, այս պահի դրությամբ, որևէ քաղաքական բացատրություն և հիմնավորում չունի։
Բացի այդ, ակնհայտ է դառնում, որ անցած տասնամյակի խաղաղապահ առաքելություններից քաղաքական դիվիդենտներ քաղելու ժամանակն արդեն վաղուց սպառել է իրեն։ Հետևաբար՝ ո՛չ ՆԱՏՕ-ի նմանատիպ առաքելությունները, ո՛չ, առավել ևս, սիրիական արկածախնդրության մեջ մտնելը, բացի լրացուցիչ գլխացավանքներից, որևէ բան չի տալիս և չի տա Հայաստանին։ ՀՀ-ին այդպես էլ չի ստացվում խաղալ իր իսկ նախագծած խաղը, դրա փոխարեն՝ ներգրավվում է այլ երկրների նախագծերի մեջ՝ առանց շատ թե քիչ քաղաքական հաշվարկների։ Սեփական զինվորներով դիվանագիտությունը վտանգավոր և որևէ տեղ չհասցնող մարտավարություն եմ համարում։
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նման հարցում որոշեցին ընդառաջ գնալ Ռուսաստանին:
– Իմ խորին համոզմամբ՝ հայաստանյան իշխանությունները դիմել են այս քայլին՝ Կրեմլի կողմից անվստահության և լարվածության դրսևորումները թուլացնելու համար։ Պուտինյան ադմինիստրացիայի համար սա հարմար ռազմավարություն է. որքան շատ ռուսները ցույց տան նեգատիվ ու անվստահելի պահվածք, որքան շատ քննադատվի վարչապետ Փաշինյանի իշխանությունը՝ որպես «անվստահելի, արևմտամետ և սորոսական»՝ ռուսաստանյան մամուլով, այդքան շատ Փաշինյանի թիմը զբաղված կլինի «արդարանալով» և «ապացուցելով» Ռուսաստանի նկատմամբ իր հավատարմությունը՝ սիրիական արկածախնդրության մեջ ներգրավվելու նման նախաձեռնություններով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն են թողնում մեծամասամբ անփորձ նոր գործիչներ, Մոսկվայի համար հարմար իրավիճակ է ստեղծվում մաքսիմալ «խաղարկելու» այս «խանդի և անվստահության» խաղաքարտը, ինչը և հանգեցրեց Հայաստանի համար սպառնալիքների ավելացման՝ հանձին Սիրիայում ներգրավման հանգամանքի։
Սրան գումարվում է նաև գնալով ավելի ճգնաժամային բնույթ ձեռք բերող հարաբերությունները Թրամփի ադմինիստրացիայի հետ, որի հետ Հայաստանին, արդեն մի քանի տարի է՝ չի հաջողվում ձևավորել երկարաժամկետ օրակարգ, և գրեթե իներտ մակարդակի վրա պահվող ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Այս պատկերին ավելանում է նաև ԵՄ-ի հետ դեռևս չհստակեցված, ապառազմականացված հարաբերություններն ու սիրիական առաքելության հետևանքով Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերի մեծացումը Իրան-Ռուսաստան լարվածության ընդարձակման ֆոնին։
– Պետդեպարտամենտը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով գնահատական է տվել Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը Սիրիայում։ Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։
– Այս հայտարարությունից ավելի բացասական արձագանքը կարող էր միայն ուղիղ մեղադրանքը լինել։ Այո, պետք է արձանագրել, որ սիրիական առաքելությամբ Հայաստանը հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերություններում ևս մի բացասական կնճիռ ավելացրեց։ Ես ակտիվ նամակագրական կապի մեջ եմ վաշինգտոնյան Հանրապետական ուղղվածություն ունեցող ուղեղային կենտրոնների ազդեցիկ փորձագետների հետ, որոնք ներգրավված են ԱՄՆ Եվրասիական ռազմավարության վերաիմաստավորման և վերաձևակերպման գործընթացի մեջ։
Նշածս փորձագետների մեծ մասի համար Հայաստանն այս քայլով անցել է «կարմիր գիծը»՝ ՌԴ-ի հետ դաշնակցելով՝ աջակցության և համագործակցության ձեռք մեկնելով այդ երկրի արդեն իսկ նոմինալ նախագահ համարվող Բաշար Ասադին։ Ասադն արաբական աշխարհում, Արևմուտքում և նույնիսկ մի շարք իրանական բարձրաստիճան զինվորականության կողմից մեղադրվում է սեփական ժողովրդի նկատմամբ չհիմնավորված դաժանության, շրջափակումների, սովի և թշվառության աղետալի ճիրանների մեջ գցելու մեջ։ Նա ուներ հանգիստ հեռանալու ընտրություն, բայց, ինչպես շեշտվում է՝ նա ոչնչացրեց իր իսկ պետությունն ու ցեղասպանության ենթարկեց հարյուր-հազարավոր իր քաղաքացիներին։
Կարճ ասած, աշխարհի մեծ մասն Ասադին մեղադրում է ցեղասպանության մեջ, որին աջակցում է ահաբեկչական կազմակերպություն «Հըզբոլլահը», իրանական զանազան ուժեր, Ռուսաստանը, և այս անձնավորության հետ հիմա գործարքի մեջ է մտել Հայաստանը, «աջակցություն և օգնություն» խոստանալով։ Ոմանք նույնիսկ նշում են, որ հայկական այս առաքելության նպատակը ցեղասպանությունները կանխելու և հայ համայնքի մնացորդներն ու սիրիական ժողովրդին պաշտպանելու համար է արվել։ Նման պատմությունը լսելուն պես՝ հարց է առաջանում. եթե Հայաստանը ներգրավվել է Սիրիայում ցեղասպանություն կանխելու նպատակով, ապա սիրիական ցեղասպանության հիմնական ճարտարապետ Բաշար Ասադի ու իր պահապան ռուսական ռազմական կոնտինգենտի դե՞մ է պայքարելու։
Ես մնում եմ այն համոզմանը, որ բոլոր ազգային համայնքներն ուշ թե շուտ ուծացվում, գնում են. դա աքսիոմ է, դրան մենք առերեսվում ենք Սփյուռքի բոլոր հատվածներում։ Ուստի միակ հայաստանյան առաքելությունը՝ հայ ազգաբնակչությանը Հայաստան վերադարձնելու, նրանց աբսորբցիայի ենթարկելու հարցը պիտի լինի։