Բացահայտումներ, համենայնդեպս հանրային, դեռևս չկան, բայց փաստորեն կան մեղադրանքներ՝ հայր և որդի Քոչարյաններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց, որ Քոչարյանի մարտիմեկյան գործով նախաքննությունն ավարտվել է և գործին փաստաբանների ծանոթանալուց հետո այն կպատրաստվի դատարան ուղարկվելուն: Սրան զուգահեռ, Սեդրակ Քոչարյանի կալանքի հանգամանքը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ ընթացքում էլ կաշառք վերցնելու համար նոր մեղադրանք էր առաջադրվել հենց Ռոբերտ Քոչարյանին:
Մեղադրանքների հնարավոր այս ծավալի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը բավականին թափանցիկ ակնարկել էր դեռևս նախորդ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի ընտրության շեմին հրապարակվեց հայտնի գաղտնալսման առաջին մասը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության հատվածները:
Նրանք համատեղ ասուլիս հրավիրեցին, և Արթուր Վանեցյանը խոսեց Քոչարյանների ունեցվածքի առումով առկա քննության, գործի մասին, խոստանալով բացահայտումներ:
Բացահայտումներ, համենայնդեպս հանրային, դեռևս չկան, բայց փաստորեն կան մեղադրանքներ՝ հայր և որդի Քոչարյաններին:
Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավապահների մոտ խնդիրներ կան Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի ապացուցողական մասի առումով և այդ պատճառով են նրանք հարակից ավելացնում ճնշումը, սեղմում օղակը Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Թե՞ օղակը սեղմվում է նրա շրջապատի հանդեպ, այդպիսով փորձելով անհրաժեշտը ստանալ այն պաշտոնյաներից, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահական գործունեության ընթացքում եղել են նրա, այսպես ասած, վստահության շրջանակում և կատարել այն գործերը, որոնցով մեղադրանքներ են ներկայացվում Քոչարյաններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: