Քաղցկեղի ահազանգող ցուցանիշները Հայաստանում
Քաղցկեղը աշխարհում մահացության երկրորդ ամենատարածված պատճառն է։ Աշխարհում մահացությունների 6 դեպքերից մեկը գրանցվում է քաղցկեղի հետևանքով: Ըստ ԱՀԿ-ի, անցած տարում այս հիվանդության զոհ են գնացել 9,6 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 6 հազարը մահացել են Հայաստանում:
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Վերջին 20 տարիների ընթացքում ուռուցքային հիվանդությունը Հայաստանում աճել է մոտ 70 տոկոսով, ահազանգում ե մասնագետները: Հայաստանում քաղցկեղի այդ ցուցանիշները չափազանց մտահոգիչ են, գտնում է Վաշինգտոնում գործող Մեդունի հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Մարտիրոսյանը: Կազմակերպությունը մի շարք մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում առողջապահության ոլորտում՝ կենտրոնանալով հիմնականում քաղցկեղի դեմ պայքարի վրա:
«Մեր գործունեության հիմնական նպատակն է միջոցներ հայթայթելը, դրանք քաղցկեղով հիվանդ երեխաներին տրամադրելը և Հայաստանում մեծահասակների բուժումը»,- ասում է «Մեդունի»-ի նախագահը:
Կազմակերպությունը համագործակցում է տարբեր կառույցների ու շրջանակների հետ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Հայաստանում: Հայաստանում Մեդունիի գործընկերն է City of Smile հասարական մարդասիրական միությունը, որը օգնում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը: ԱՄՆ-ում Մեդունին փորձում է ուշադրություն հրավիրել Հայաստանի առողջապահական ոլորտի խնդիրների վրա՝ աշխատելով տարբեր անհատների ու կառույցների, ներառյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ:
Նա մատնանշում է քաղցկեղի ոլորտի վերաբերյալ 2015-16 թթ. Dana-Farber Cancer Institute հաստատության մի խումբ մասնագետների ուսումնասիրությունը, ովքեր Հարվարդի համալսարանի օգնությամբ այցելել են Հայաստան՝ քաղծկեղի հետ կապված իրավիճակը գնահատելու համար։ Հետազոտության արդյունքները մտահոգիչ էին: Մեդունիի նախագահը պնդում է՝ «խնդիրները շատ են և համակարգային»:
Դրանց թվում են ախտորոշման նորագույն տեխնոլոգիաների բացակայությունը, հիվանդների խուսափումը հետազոտումից, հիվանդության ուշ ախտորոշումը, ինչպես նաև ըստ Մարտիրոսյանի, սոցիալական ծանր կացությունը, ինչի արդյունքում գրանցվում է մահացության բարձր ցուցանիշ՝ մեծահասակների շրջանում կազմելով մոտ 70 տոկոս:
«Դա նշանակում է, որ 10 ախտորոշված հիվանդից 7-ը մահանում է: Դա շատ բարձր տոկոս է»,- ընդգծում է Մարտիրոսյանը:
Դրան զուգահեռ բացակայում են ծայրահեղ կամ անհույս հիվանդների համար համապատասխան հաստատությունները, իսկ տեխնոլոգիական միջոցները անհամաչափ են բաշխված մայրաքաղաքի ու մարզերի միջև:
«Մենք չունենք բավարար քիմիաթերապիայի միջոցներ և որակյալ դեղամիջներ: Հայաստանում ախտորոշման սարքավորումները հնաոճ են, որոնք հիմնականում կենտրոնացված են Երևանում՝ անտեսելով մարզերը»,- ընդգծում է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը կոչ է անում միավորել ուժերը արդյունավետ պայքարի համար:
«Ցավոք, Հայաստանն ինքնուրույն չի կարող լուծել այս խնդիրը, քանի որ չունենք բավարար ռեսուրսներ… Պահանջվում է միասնական, համակարգված ու կազմակերպված աշխատանք բոլոր անհատների ու կազմակերպությունների, պետական և ոչ պետական կառույցների կողմից»,- նշում է Մեդունիի նախագահը:
Կազմակերպությունը նախատեսում է ապրիլի սկզբին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում իրականացնել դրամահավաք-միջոցառումներ, որոնց ողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
«Ապրիլի սկզբին City of Smile-ը կայցելի ԱՄՆ, և այստեղ երեք քաղաքներում կանցկացվեն տարբեր գալաներ և դրամահավաքներ: Ապրիլի 3-ին այն կսկսվի Վաշինգտոնից, որը կազմակերպել է Մեդունին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ, այնուհետև ապրիլի 5-ին ՝ Բոստոնում և 6-ին ՝ Լոս Անջելեսում: Հասույթը կնվիրաբերվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը»,- տեղեկացնում է Մարտիրոսյանը:
Չնայած եղած դժվարություններին՝ ըստ Մարտիրոսյանի, այսօր Հայաստանում հնարավոր է դարձել բուժել հիվանդ երեխաներիի շուրջ 70 տոկոսին: Մեդունին ձգտում է այդ թիվը հասցնել զարգացած երկրներում ընդունված ցուցանիշներին:
Քաղցկեղի դեմ պայքարը Վահագն Մարտիրոսյանի համար ոչ միայն մարդասիրական գործունեություն է, այլ նաև վերապրած ծանր անձնական փորձություն, ինչի հետ անմիջապես առնչվել է նրա ընտանիքը: