Նիկոլ Փաշինյան. անուղղելի հեղափոխականը

Հեղափոխությունը մոդայիկ է։ Այն շատ մոդայիկ էր տասն ամիս առաջ, ոչ նույնչափ, բայց մոդայիկ է նաև այսօր։ Հեղափոխությունը մտածողություն է, աշխարհայացք, հոգեվիճակ։

Հեղափոխությունը դեմ է ցանկացած կայունության, համակարգվածության ու շարունակականության։ Հեղափոխությունը շարունակելիության կանգ է։ Այս և հակահամակարգային այլ բաղադրիչներ են կազմում հեղափոխության կամ հեղափոխականի հոգեբանության ամբողջությունը։

Եվ երբ հեղափոխականի հոգեբանությամբ մարդիկ իշխանության են գալիս՝ չփոխելով հոգեբանությունը, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր՝ ամբողջությամբ չկազմավորված կառավարություն, միայն գրելու համար գրված կառավարության ծրագիր, անգամ այդ ծրագիրն իրագործելու անպատրաստ պաշտոնյաներ ու, ամենակարևորը՝ հեղափոխական պաթոս։ Պաթոս, որով հողին է հավասարեցվում ցանկացած այլակարծություն ու ընդդիմախոսություն։

Իշխանությունը կայուն, համակարգային կառուցակարգերի ամբողջություն է։ Իշխանությունը պահանջում է համալիր, համակարգային մտածողություն։ Իշխանությունն իր էությամբ հակահեղափոխական է։ Ինչպես որ՝ հեղափոխությունն իր էությամբ հակաիշխանական է։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն հաղթահարել հեղափոխականի մտածողությունն ու հեղափոխական կաղապարները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն իրենց էությամբ դեմ են ամենայն համակարգայինի ու ինստիտուցիոնալի։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են հեղափոխությունը՝ հակահեղափոխական սուբստանցիայում՝ իշխանության մեջ գտնվելով։ Դա է պատճառը, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ունենք դեգրադացված ու դեֆորմացված պետական կառավարման համակարգ, որի անդամների ստեղծարարությունը բավարարում է միայն սեփական անձին պարգևատրելու, լավագույն դեպքում՝ մերձավորի երեխային զինվորական պաշտոնի նշանակելու համար։ Սա հենց հեղափոխությունն է իշխանության մեջ։

Ընդունված է կարծել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Բայց ոչ, մեր դեպքում հեղափոխությունը խժռում է պետությունը, հեղափոխությունը կազմաքանդում է բոլոր համակարգերը։

Որքան կշարունակվի հեղափոխության հաղթարշավն ընդդեմ պետության, դժվար է ասել։ Արդեն տեսանելի է, սակայն, որ այդ հաղթարշավի հաջողությունը կարող է դառնալ պետության կործանումը։ Հեղափոխականները կարող են հեռանալ՝ իրենց հետևից չթողնելով պետական որևէ սուբստանցիա։

Այս ընթացքը, գահավիժում հիշեցնող ընթացքը կարող է կանգ առնել միայն այն դեպքում, երբ հեղափոխականները, ի վերջո, կարողանան հաղթահարել հեղափոխության բարդույթը և փոխել իրենց մտածողությունն ու աշխարհայացքը։ Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հորդորում թե պահանջում քաղաքացիներից՝ հաղթահարել աղքատի հոգեբանությունը։

Ահա նույն կերպ Փաշինյանն ինքը պետք է հաղթահարի հեղափոխությունը որպես գերագույն արժեք ներկայացնելու իր կաղապարված մտածողությունը՝ այն փոխարինելով պետական, իրապես պետական մտածողությամբ։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել պերմանենտ հեղափոխությունների հորձանուտում՝ հերթական անգամ կանգնելով արդեն պետականության կորստի սպառնալիքի առաջ։

Տեսանյութեր

Լրահոս