Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը:
ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը: Նրանք միաժամանակ շեշտել են, որ դպրոցական սննդի ծրագիրն իրագործվում է բարձր արդյունավետությամբ և կարող է դրական օրինակ ծառայել այլ երկրների համար: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ծագրի իրագործումը ՊՀԾ-ից կառավարության հանձնառությանը փոխանցելու հարցերը:
ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: