«ՏԻՄ ընտրությունները բոլոր համայնքներում կազմակերպվել են ԸՕ պահանջներին լիակատար համապատասխան». Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդհանուր առմամբ գոհ է երեկ Հայաստանի տարբեր համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից։
«Կարծիքի ձևավորման համար հիմք եմ ընդունում քվեարկության օրվա արձագանքները, մասնավորապես՝ թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների, որոնք ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում, հետևել ընտրական գործընթացին և, թերևս, պետք է փաստել՝ ընտրությունները բոլոր համայնքներում էլ կազմակերպվել են Ընտրական օրենսգրքի պահանջների հաշվառմամբ և օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահը։
Տ.Մուկուչյանը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց այն հանգամանքը, որ ընտրություններում առաջադրվածների մեծամասնությունն անկուսակցական է եղել. «Ես համենայն դեպս ձեռնպահ կմնամ որևէ դիրքորոշում կամ կարծիք ներկայացնելուց։ Ես կփաստեմ սոսկ մեկ բան՝ մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ չենք ունեցել որևէ դեպք, երբ որևէ թեկնածուի գրանցում մերժվել է։ Իսկ թե ինչ ձևաչափով են թեկնածուները ցանկանում մասնակցել, կամ ցանկանում են մասնակցել, թե ոչ, դա բացառապես թեկնածուների և քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է»։