Բաժիններ՝

Քաղհասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա համագործակցության համընդհանուր ցանց են ստեղծել

Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ, որոնց անդամակցում են շուրջ 250 կառաույցներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:

Առաջիկա օրերին համագործակցության հռչակագիրը պետք է հաստատվի այն ստորագրած ՔՀԿ-ների կոալիցիաների իրավասու մարմինների կողմից:

Ուժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը ծնվեց և մշակվեց փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ  ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում:

Աշխատաժողովին 9 կոալիցիաների ներկայացուցիչները մյուս գործընկերներին ներկայացրեցին իրենց   գործունեության հիմնական նպատակներն ու ԿԵՀ-ի ենթադրամաշնորհային ծրագրով կատարված աշխատանքները, հիմնական խոչընդոտները: Քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն եզրահանգման, որ միմյանց հետ աշխատելու և համատեղ արդյունքներ ունենալու հնարավորությունները մեծ են:

«Սա նոր որակի համագործակցություն է, հուսով եմ կնպաստի հանրային կյանքի, սոցիալական, տնտեսական տարբեր ոլորտներում առկա հիմնական և կարևրոգույն խնդիրների լուծմանը»,- ասաց ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Այսպիսով, հռչակագիրը ստորագրվեց  նշյալ 10 ՔՀԿ-ների կոալիցիաների կողմից:

●        «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում) ,

●        Համայնքների զարգացման և մասնակցային  կառավարման կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հայաստանի գյուղատնտեսական դաշինք (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հայկական բիզնես կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հայկական կրթական ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),

●        Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայաստանի ՔՀԿների կոալիցիաների կառուցողական երկխոսության ցանցի հիմնադրման մասին

  • Հիմք ընդունելով հանրային կյանքի և սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում ծառացած կարևորագույն խնդիրների լուծման անհրաժեշտությունը,
  • կարևորելով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կոալիցիաների միջև համագործակցությունն ու համերաշխությունը,
  • համոզված լինելով, որ հանրային խնդիրների  լուծման  գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն քաղաքացիական հասարակության գործուն ներգրավմամբ, ՔՀԿ-ների ոլորտային մասնագիտացված կոալիցիաների եւ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, ՏԻՄ-երի, ինչպես նաև միջազգային և այլ տեղական կառույցների հետ իրական գործընկերության ու կառուցողական երկխոսության ձեւավորմամբ ու զարգացմամբ,
  • նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խթանել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի  մասնակցությունը.

Սույն Հռչակագրին մասնակից ՔՀԿ-ների կոալիցիաները ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության եւ գործընկերության մասին՝ հռչակելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության  ցանցի հիմնադրումը:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի նպատակներն են.

  • ուժեղացնել ՔՀԿ-ների կոալիցիաների միջև միջոլորտային կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը,
  • զարգացնել փոխադարձ վստահության վրա հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի և ՏԻՄ-երի հետ` քաղաքացիների համար կարևորագույն խնդիրների լուծման քաղաքականությունների մշակման, իրականացման և հանրային վերահսկողության գործում,
  • զարգացնել ՔՀԿ-ների կոալիցիաների կարողությունները հանուն հանրային քաղաքականությունների բարելավման և հանրային վերահսկողության իրականացման,
  • Հայաստանի, Սփյուռքի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ` ՔՀԿ-ների կոալիցիաների և անդամ կազմակերպությունների ծրագրերի իրականացման ու գործունեության ֆինանսական կայունության ապահովման համար:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը կամավորական հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ ՔՀԿ-ների կոալիցիաների ներկայացուցչական և/կամ գործադիր ղեկավարներից կազմավորված խորհրդի կողմից առնվազն 3 ամիսը մեկ անգամ` համատեղ հավաքի կամ էլեկտրոնային եղանակով հրավիրված նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստ, ըստ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում է ՔՀԿ-ների կոալիցիաներից մեկի ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ ՔՀԿ-ների կոալիցիաների խորհուրդը հաստատում է ցանցի և/կամ ցանցի խորհրդի կանոնակարգ, ստեղծում է միջոլորտային հանձնաժողովներ, ընդունում է հայտարարություններ և կիրառում է հանրային քաղաքականությունների բարելավման ու հանրային վերահսկողության իրականացման ողջ գործիքակազմը: Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի խորհուրդը ձևավորված է համարվում սույն Հռչակագրի ստորագրման պահից:

Սույն Հռչակագիրը ի պահ է տրվում «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրին` հանձինս Իրավաբանների հայկական ասոցիացիայի, որը ժամանակավորապես կատարում է ցանցի քարտուղարության գործառույթները:

Հռչակագիրը բաց է ՔՀԿ-ների կոալիցիաների համար:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս