«Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը դիտարկվում է՝ որպես թշնամական գործողություն». Ռազմական փորձագետ
«Երկրորդ համաշխարային պատերազմից հետո չի եղել այնպիսի հակամարտություն, ինչպիսին Սիրիայում է, քանի որ Սիրայում բախվում են ոչ միայն համաշխարհային, այլև տարածաշրջանի գերտերությունների շահերը։ Սիրիայի հակամարտության մեջ ներգրավված են Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Սաուդիան Արաբիան, Իրանը։ Այս պատճառով էլ Սիրիա հայական զորախումբ ուղարկելն ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հետևանքներին։
Նրա դիտարկմամբ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը դիտարկվում է՝ որպես թշնամական գործողություն, քանի որ հայկական զորախումբն այնտեղ է հայտնվել Ռուսաստանի Դաշնության խնդրանքով։
«Եթե նախկինում հայկական համայնքը պատերազմում ահաբեկիչների կողմից գտնվում էր չեզոք գոտում, ապա զորախմբի հայտնվելուց հետո դիտարկվելու է՝ որպես կառավարական ուժերի աջակից։ Հայաստանից ուղարկված 83 հոգանոց խումբը տեղակայված է Հալեպ քաղաքում, որի վրա պատրաստվում է մեծ գրոհ, և հավանական է՝ այդ գրոհի ժամանակ օգտագործվի քիմիական մեծ զենք։
Եթե հիշում եք, մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, և այդ ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տվյալ երկրներն այս կամ այն կերպ ներգրավվեցին Սիրիայի ռազմական գործողություններում, այդ պատճառով էլ վտանգավոր է ինչ-որ կերպ ներգրավվել սիրիական գործընթացներում»,- ասաց Վան Համբարձումյանը։
Նա նաև նկատեց, որ Սիրիայում գործում են այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, որի պայագայում մեկ զորախումբ էլ անհրաժեշտ է, որպեսզի հայկական զորախմբին պաշտպանի։
Իսկ առաջին հետախուզադիվերսիոն խմբիր հիմնադիր-հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովի կարծիքով՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը պարզապես անհրաժեշտություն էր, ավելին, այդ օգնությունն ուշացած է։
«Վերջապես այսօր մենք մեր պարտականությունները պետք է կատարենք հայկական համայնքի նկատմամբ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ կմտածեն Արևելքում և Արևմուտքում, հայը պետք է պաշտպանվի։ Որտեղ հայկական համայնք կա, հայկական զորքը պետք է այնտեղ լինի։ Հնարավոր չէ դրսում գտնվող հայկական համայնքներին դիտարկել միայն՝ որպես «կթու կովեր», դրսում ապրող մեր հայրենակիցները մեր անբաժան մասն են։ Հայը դրսում պետք է պաշտպանվի, եթե մարդ կա, որը սա չի հասկանում, ապա ազգությունը թող փոխի»,- շեշտեց Վովա Վարդանովը։
Զվարթ Խաչատրյան