
Brexit-ի խնդիրն անկարելի է լուծել առանց փոխվստահության. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Brexit-ի շուրջ ստեղծված իրադրությունը հնարավոր կլինի քաղաքական փակուղուց դուրս բերել միայն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի իշխանությունների միջեւ անհրաժեշտ փոխվստահության դեպքում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը՝ Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ այժմ «եկել է Brexit-ը քննարկելու կենսականորեն կարեւոր պահը», եւ երկխոսության կողմերը կարծում են, որ «կարելի է գտնել այն ուղին, որն աջակցություն կստանա բրիտանական խորհրդարանում»: «Բայց դա կպահանջի վստահություն, քանի որ խաղաքարտի վրա են դրվել հաջորդ 25 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր եվրոպացի հարեւանների հետ»,-արձանագրել է Ֆորին օֆիսի ղեկավարը:
Իսկ խոսելով ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգի մասին՝ Հանթն ասել է, որ այս խորհրդակցությանը ժամանել է, որպեսզի քննարկի Վենեսուելայում, Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: