Նիկոլ Փաշինյանի վարկանիշը երեք ամիսների ընթացքում անկում է ապրել
Փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում «Իմ քայլը» դաշինքը թեկնածուներ չէր առաջադրել: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ըստ որի` իրենց ուժի 7 անդամներ ինքնառաջադրվել էին, և ոմանք պարտվել են, ոմանք՝ հաղթել: Ըստ նրա՝ քաղաքացիները որևէ մեկի հորդորով չեն գնացել ընտրության, այլ իրենց կամքով: «Եթե մենք ցանկանայինք, բոլոր 24 համայնքներում կարող էինք ներկայացուցիչներ առաջադրել, և, հավանաբար, նրանք կհաղթեին, բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել, մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել, անկախ նրանից՝ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ, իրենք առաջադրվեն, և համայնքը որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար»,- ասել է Լ.Նազարյանը։
Դժվար է ասել՝ ինչպիսին կլիներ «Իմ քայլի» կամ «Քաղաքացիական պայմանագրի» գնահատականը, եթե ինքնառաջադրված թեկնածուները ոչ թե պարտվեին, այլ հաղթեին։ Սակայն խնդիրն առանձին թեկնածուների հաղթանակը կամ պարտությունը չէ։ Նախ՝ իշխող կուսակցության համար չի կարող արդարացում ծառայել այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ չեն առաջադրել։ Ճիշտ հակառակը՝ քաղաքականությունը, իրական քաղաքականության տրամաբանությունը պահանջում է, որ ցանկացած կուսակցություն, բայց առաջին հերթին՝ իշխող ուժը, մասնակցի, առանց բացառության, բոլոր մակարդակի ընտրություններին և փորձի ներկայացուցիչներ ունենալ իշխանության բոլոր օղակներում։
Դա ոչ թե իշխանության մոնոպոլացում է, ինչպես ասում է Լենա Նազարյանը, այլ իշխանության ամբողջացման, նաև համապատասխան պատասխատվություն կրելու դրսևորում։
Չէ՞ որ, եթե մենք խոսում ենք իրապես ժողովրդավարական պետության մասին, ապա դրանում ամենակայացածը պետք է լինեն տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես իշխանության առաջնային օղակներ։
Ավելին՝ որքան ավելի կայացած է ՏԻՄ համակարգը, այնքան տվյալ երկիրն ավելի ժողովրդավարական է համարվում, քանի որ համարվում է, որ կայացած ՏԻՄ-երի պարագայում որոշումների կայացման գործընթացն ապակենտրոնացվում է։ Իսկ դա ժողովրդավարության, իրական ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչներից է։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ որոշումների կայացումն ամբողջությամբ կենտրոնացված է իշխանական բուրգի վերին հարթությունում, որոշումների մեծ մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացնում է անձամբ, և այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի շատ ցուցադրական, ցուցափեղկային գործառույթ են իրականացնում։ Դրա համար էլ իշխանությունը չի կարևորել ու թեկնածուներ չի առաջադրել ՏԻՄ ընտրություններում։
Բայց կիրակի օրը կայացած ընտրությունները ցույց տվեցին ևս մեկ իրողություն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման ու հեղափոխության էյֆորիայի նվազման իրողությունը։
Ընդամենը երեք ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ պատգամավորների անգամ անհայտ թեկնածուները միայն «Իմ քայլը» դաշինքի կողմից ներկայացված լինելու շնորհիվ ստացան հազարավոր, երբեմն՝ տասնյակ-հազարավոր ձայներ։ Դրանք ոչ թե այդ թեկնածուների, այլ Նիկոլ Փաշինյանի ձայներն էին։
Այսօր՝ դրանից ընդամենը 3 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի հեղինակության ֆենոմենը, փաստորեն, չի գործում ընտրական գործընթացում։
Հակառակ դեպքում, թեկուզ և՝ ինքնառաջադրված, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուակցության անդամ թեկնածուները կհաղթեին ՏԻՄ ընտրություններում։