2018 թվականին Վրաստանի 29 հազարից ավելի քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականին սահմանի հատման ամփոփիչ ցուցանիշները: Նախարարության տվյալներով՝ անցած տարի 29 հազար 237 քաղաքացի հետ չի վերադարձել, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
2018 թվականին գրանցվել է Վրաստանի քաղաքացիների կողմից սահմանի 3 մլն 697 հազար 152 հատում, իսկ սահմանի հետադարձ հատումը եղել է 3 մլն 667 հազար 915: 2017 թվականին Վրաստանի այն քաղաքացիների թվաքանակը, որոնք հատել են սահմանը, եղել է 3 մլն 850 հազար 617:
Իսկ սահմանի հետադարձ հատումը կազմել է 3 մլն 697 հազար: Հետ չի վերադարձել 36 հազար 750 մարդ: ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներ հարկադրաբար Վրաստան են վերադարձրել 4 հազար 584 քաղաքացիների: Ամենից ավելի շատ վրացիներին արտաքսել են Թուրքիայից, Իսրայելից եւ Գերմանիայից:
209 վրացու արտաքսել են Ռուսաստանից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վրաստան են վերադարձրել 9 քաղաքացու: Շենգենյան պայմանագրի երկրներ մուտքն արգելել են Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների: Վրաստանի առավել մեծ թվով քաղաքացիների մերժել են մուտք գործել Իտալիա (341), Գերմանիա (271), Լեհաստան (186): Վրաստանից քաղաքացիներն ամենաշատն այցելել են Գերմանիա, երկրորդ տեղում Իտալիան է: