Փլուզում «Արմավիր» ՔԿՀ-ի բակում
168.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ աշխատանքային ժամին, փլվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի հրապարակը, ուր կայանում են հիմնարկի աշխատակիցների մեքենաները։ Ըստ հիմնարկի աշխատակիցների՝ Աստված մի արասցե, բայց հեռու չէ այն օրը, երբ կարող է շենքն էլ փլվել։
Ըստ մեզ հասած լուրերի՝ բացվել է մոտ 3 մետր խորությամբ փոս, ու ավտոմեքենաներն ընկել են այդ փոսի մեջ։
Շենքը կառուցվել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի օրոք։
Այն ժամանակ էլ կառուցված քրեակատարողական հիմնարկի շինարարական որակի մասին տարբեր կարծիքներ էին հնչում։
«Արմավիր» ՔԿՀ ավտոկայանատեղիում առաջացել է ասֆալտի նստվածք՝ մոտ 100 քմ, և այնտեղ կայանված երկու մեքենաներ արգելափակվել են փոսի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փոսից: Այժմ լրացուցիչ հետաքննություն է անցկացվում, որպեսզի հասկանան, թե ո՞րն է եղել նստվածքի պատճառը».- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
Անի Կարապետյան