«Այս 10 ամիսների ընթացքում ամեն ինչի «հերն» անիծեց. Հիմա բարեկամները բոլորն ի հայտ են գալու, հո մենք ձեր ձեռքին կրակը չե՞նք ընկել». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանի համար շաբաթվա զարմանքը, որն արդեն դարձել է օրինաչափություն, այն է, որ 23-ամյա տղան նշանակվել է Երևանի կայազորի զինդատախազ։

Հիշեցնենք, որ օրերս ՊԵԿ Նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Այնուհետև լուրեր շրջանառվեցին, որ վերջինս ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ազգականն է։ Ա. Հակոբյանը հայտարարել էր, որ Ռաֆիկ Մաշադյանն իր խորթ մորաքրոջ թոռն է, որին վերջին անգամ տեսել է 2010 թվականին՝ հուղարկավորության ժամանակ։

«Այն, որ միլիոններ ունի՝ ոչինչ։ Բնական է, որ նրա հայրը մի տեղում է աշխատում, որտեղ որ միլիոններ կունենար, և դժվար թե 23 տարեկանում այդ հանճարեղ պատանին միլիոններ ունենար։ Այսօր ծանոթացա Դատախազության հետաքրքիր հայտարարությանը, որ ամեն ինչ օրինաչափ է, և օրենքը տարիքը չի սահմանափակում։ Այսինքն, եթե այդ հանճարեղ երեխան 18 տարեկանում ավարտեր համալսարանը, ապա այդ տարիքում կարող է նշանակվել դատախազ՝ նման հոր և բարեկամի պարագայում։

Այդ տղային չգիտեմ, առնչություն չեմ ունեցել, բայց կա նրա բարեկամը, որը տարիներ շարունակ մեզ ստել է։ Երբ մենք զուգահեռաբար խոսում էինք Սերժ Սարգսյանի մասին, նա դարձավ պատգամավոր, ես՝ ոչ։ Նա իր օրը սկսում էր Սերժի բարեկամական կապերով և ավարտում դրանով։ Հիմա սա ինձ ստիպում է, որ սկսեմ Սերժին պաշտպանել, այն մարդուն, որ ատելով ատում եմ, ստիպված եմ համեմատության մեջ արձանագրել, Սերժ Սարգսյանն այդ զզվելի ու զազրելի քայլերը չէր կատարում, ինչ սա է կատարում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Եղիազարյանը։

Նրա բնորոշմամբ՝ եթե «ժող ջանը» և «հպարտ քաղաքացիների» մի մասը վարչապետին ձայն է տվել, սա չի նշանակում, որ ազգը պետք է կրակն ընկնի։

Ըստ նրա՝ 23-ամյա տղան, որը դեռևս չգիտի, թե ինչ բան է կյանքը, վաղը կարող է մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։

«Չնայած՝ 23 տարեկան լինի թե 70, միևնույն է, քանի որ մեկ մարդու քմահաճույքով է գործում անվտանգությունը, ոստիկանությունը, Դատախազությունը, ցանկացած ուժային գործում է մեկ մարդու կամքով՝ այն մարդն ունի ընդամենը յոթ մարդու ղեկավարելու փորձառություն։

Այս 10 ամիսների ընթացքում ամեն ինչի «հերն» անիծեց։ Հիմա բարեկամները բոլորն ի հայտ են գալու, հո մենք ձեր ձեռքին կրակը չե՞նք ընկել։ Ասում են, կնոջն էլ տարել է Կառավարություն, սենյակ է տվել, որ այնտեղից կառավարի։ Էս «հպարտ քաղաքացին» մի օր այս ամենից զզվելու է, չէ՞։ Ինչո՞ւ ենք մենք մարդկանց բախտը կապում 23 տարեկան տղայի հետ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքով, եթե 23-ամյա զինդատախազին իր մորաքրոջ աղջիկը ցանկանում էր լավություն անել, թող փորձ ձեռք բերեր, որպեսզի վաղը նա չդառնա մարդկանց գլխին պատուհաս։

«Վատն այն է, որ ինչի համար Նիկոլը մեղադրում էր Սերժին, այսօր դրա «հերն» անիծել է։ Նայեք Ազգային ժողովի ողջ պատկերին, որոշել է 23-ամյա դատախազով ձեռ առնել «հպարտ քաղաքացուն», իր ստերով կերակրում է նա քաղաքացիներին, այս ամենն արդեն զզվելով եմ ասում, մի օր նրա պաշտպանների 40-50 տոկոսը կհասկանա, թե ինչով է զբաղված, անհարմար է, չէ՞»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս