ԵԱՀԿ-ի նախագահը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման պայմանը
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերանայման անհրաժեշտ պայմանը Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում, որը նա տվել է փետրվարի 19-ին Մոսկվա իր այցի նախօրյակին:
«Պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ եւ դրանք կապակցելով Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարման հետ, ԵՄ-ն հակազդել է Ղրիմի բռնակցմանը եւ ՈՒկրաինայի հարավ-արեւելքի իրադրության ապակայունացմանը: ԵՄ-ի պատժամիջոցների նպատակը իրադրության կարգավորումն է»,-ասել է Լայչեկը:
«Ցավոք, առկա հանգամանքները դեռեւս այն բանի հիմքեր չեն տալիս, որ ԵՄ-ում մտածեն պատժամիջոցների քաղաքականության վերագնահատման մասին: Սլովակիան, վերը ասվածի հաշվառմամբ, համաձայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման կոնսենսուսին: Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը անհրաժեշտ պայմանն է ԵՄ-ի պատժամիջոցների վերանայման համար»,-ընդգծել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը: