Հաթերքում կկազմակերպվի ժենգալով հացի երկրորդ փառատոն
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մայիսի 11-ին մեծ շուքով կկազմակերպվի արցախյան ժենգալով հացի երկրորդ փառատոնը՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով ավելի քան 70 տաղավարներում կներկայանացվեն ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերելու նաև տեղական և հայաստանյան արտադրող ընկերություններ:
Ս. Միրզախանյանը նշել է նաև, որ փառատոնը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով, հետաքրքիր խաղերով, մրցույթներով և, իհարկե, անակնկալներով։
«Միջոցառման նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, համայնքային կյանքի աշխուժացումը, էկոտուրիզմի զարգացումը, ինչո՞ւ չէ, նաև զբոսաշրջութան խթանումը»,-ասել է Ս. Միրզախանյանը և ավելացրել, որ նախորդ տարվա համեմատ, այս տարվա փառատոնի ծրագիրը լինելու է ավելի հետաքրքիր ու բովանդակալից: