Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակիչը:
Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 33-ամյա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հայրը:
Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:
Նախաքննության ընթացքում հարցաքննության են ներկայացվել դեպքին ականատես անձինք, ովքեր ցուցմունք են տվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 16-ին Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել երկու տղամարդու միջև:
Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝ վիճաբանության մասնակիցներից մեկը հարվածներ է հասցրել 33-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին:
Վկաներից մեկի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել միջադեպի կոնկրետ վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները, որի ընթացքում այգու շատրվանի հարևանությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա տղամարդուն առերևույթ ծանր մարմնական վնասներ պատճառած անձը Երևան քաղաքի՝ 1971 թվականին ծնված բնակիչն է:
Քննիչը 2019 թվականի փետրվարի 18-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1971 թվականին ծնված տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: