Ջամուի և Քաշմիրի նահանգում հնդիկ չորս զինծառայող է զոհվել
Հնդիկ չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր է զոհվել Ջամուի եւ Քաշմիրի նահանգում փետրվարի 18-ին զինյալների հետ բախումների ընթացքում: Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: Ինչպես նշվում է, Փուլվամա շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած կարճ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունն ու զինված ուժերը շրջապատել են տարածքը եւ խուզարկություններ սկսել: Լսվել է հրաձգություն, տեղի բնակիչներին խնդրել էին մնալ իրենց տներում:
Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է«Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը:
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:
«Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին:
Նա նաեւ հավելել է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանն անվիճելի է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել է ահաբեկչական գործողությանը երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: