«Ամերիկան առաջատարը չէ, նա զիջում է դիրքերը». Der Spiegel
ԱՄՆ-ը, չնայած «ամերիկյան առաջատարության» վերաբերյալ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որը նա արել է Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում, փաստորեն զիջում է իր դիրքերը Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին գրել է գերմանական Der Spiegel հանդեսը: Հրատարակությունը նշել է, որ Փենսը ելույթի ընթացքում ասել է, թե ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «ուժեղացել է ինչպես երբեք», իսկ «Ամերիկան վերստին դարձել է ազատ աշխարհի առաջատարը»:
«Ամերիկան առաջատարը չէ, նա զիջում է դիրքերը»,- գրում է Der Spiegel-ը՝ նշելով, որ «առաջ են մղվում» մյուսները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ նույնիսկ Իրանը: Բացի դրանից, անդրատլանտյան հարաբերություններն ամենախոր ճգնաժամն են ապրում իրենց գոյության ողջ պատմության ընթացքում, նշում է հրատարակությունը:
Ըստ որում Միացյալ Նահանգները, չլինելով առաջատար, շարունակում է ցուցումներ տալ մյուսներին, գրում է Der Spiegel-ը: Եվրոպայի երկրների ներկայացուցիչները Փենսի ելույթը լսում էին «քար դեմքերով», գրում է հանդեսը:
«Նրանց համար պարզ էր, որ Փենսի ըմբռնմամբ ԱՄՆ-ի առաջատարությունն այն է, որ մեկը հրամաններ է տալիս, իսկ մյուսները դրանք կատարում են: Դա չի համընկնում գործընկերության վերաբերյալ նրանց սեփական պատկերացումներին»,- արձանագրում է Der Spiegel-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: