
ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները «բեկումնային պատմական պահի» մասին են հայտարարել Հանոյում գագաթնաժողովի նախաշեմին

ԿԺԴՀ-ն իր զարգացման մեջ «բեկումնային պատմական պահ» է ապրում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է փետրվարի 27-28-ին անցկացնել Հանոյում: Այդ մասին ասված է «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթի մեկնաբանության մեջ:
«Մեր երկիրը բեկումնային պատմական պահ է ապրում»,- ընդգծում են հոդվածի հեղինակները՝ հորդորելով բացվող հնարավորություններն օգտագործել ԿԺԴՀ-ի տնտեսական աճի տեմպերի արագացման համար: «Մեզ համար եկել է ժամանակը ամուր կապել քուղակապերը եւ արագ վազել՝ մեր առջեւ ունենալով ավելի մեծ առաջադրանք, քանի որ վրա է հասնում վճռորոշ պահը»,- նշվում է հոդվածում:
Անցած շաբաթ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: