
Գուայդոն մեկ միլիոն կամավորների է հավաքելու մարդասիրական օգնությունը երկիր հասցնելու համար

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, խնդիր է դրել հավաքել մեկ միլիոն կամավորների՝դիմակայելու բանակային ստորաբաժանումներին, որոնք խոչընդոտում են արտասահմանյան օգնության մուտքը երկիր։
«Մեր սկզբունքային խնդիրն է՝ մեկ միլիոն կամավորների հավաքել մինչեւ փետրվարի 23-ը»,- ասված է արդեն 600 հազար գրանցված կամավորներին հղած նրա կոչում:
Նա կամավորներին հորդորել է կենտրոնանալու հավաքների վայրերում: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ արդեն «հումանիտար ճամբարներ» են հիմնվել Վենեսուելայի մի շարք շրջաններում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվում է միջանցքներ տրամադրել օգնությունը ներկրելու համար՝ այն բնորոշելով որպես «շոու», «նեխած կերակրի փշրանքներ»:
Երկրում սննդամթերքի եւ դեղորայքի պակասը նա բացատրում է Վենեսուելայի դեմ ամերիկյան պատժամիջոցներով՝ նշելով, որ երկիրն օգնություն է ստանում բարեկամ պետություններից եւ ՄԱԿ-ից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: