«Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ գնահատելով կառավարության ծրագիրն ու ներկայացնելով առաջիկա տարիների համար մի քանի անելիքներ: Դրանց թվում իր նշանակությամբ ու կարևորությամբ առանձնանում է ՀԱԿ-ի հետևյալ առաջարկությունը. «Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ»: 

Խնդիրն այն է, որ սա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև հանրային-քաղաքական որոշակի շրջանակներում առկա տրամադրությունների արտահայտություն է:

Հասկանալի է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, խմբակ կամ գործիչ այս առաջարկի մեջ տեսնում է սեփական քաղաքական ցանկությունների ու հավակնությունների արտահայտությունը, ինչը բնական պետք է համարել: Մյուս կողմից, սակայն, այս առաջարկն իր էությամբ հետադիմական է, և դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ:

Հայաստանի վերջին ավելի քան երկու տասնամյակների շատ արատներ պայմանավորված են եղել հենց կիսանախագահական համակարգով, որը նախկին նախագահներից յուրաքանչյուրը հարմարեցրել-համապատասխանեցրել է իր քաղաքական քիմքին ու նախասիրություններին: Հայեցակարգային առումով անցումը խորհրդարանական կառավարման համակարգին առաջադիմական քայլ էր, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ ճանապարհին դրվել են պայթյունավտանգ ականներ, որոնք թույլ չէին ու չեն տալու պառլամենտական համակարգի լիարժեք կենսագործունեությունը: Խոսքը բազմաթիվ օրենքներով ամրագրված սուպերվարչապետական համակարգի մասին է, որը ներդրվեց նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ իր միանձնյա իշխանությունը նաև խորհրդարանական կառավարման համակարգում պահպանելու համար: Չնայած հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հնչած խոստումներին, սուպերվարչապետական համակարգը չապամոնտաժվեց և շարունակում է գործել նաև այսօր:

Գործող իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ցանկանում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից՝ այժմ էլ հայտարարելով, թե դրան պետք է հասնել քայլ առ քայլ:
Այս պայմաններում առաջարկը՝ վերադառնալ կիսանախագահական համակարգին, ոչ այլ ինչ է, քան առաջարկ Նիկոլ Փաշինյանին՝ սուպերվարչապետությունը փոխարինել սուպերնախագահությամբ, քանի որ ակնհայտ է՝ մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պարագայում հանրապետության նախագահ կընտրվի Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս մեծ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում:

Հայաստանի ապագայով մտահոգ, այդ ապագան առաջադեմ դարձնելու նպատակադրում ունեցող բոլոր ուժերը պետք է հրաժարվեն պետությունը որևէ կերպ անցյալ վերադարձնելուն ուղղված քայլերից և համախմբվեն խորհրդարանական համակարգի գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու օրակարգի շուրջը: Այդ օրակարգի ամենաառաջին հարցը պետք է լինի պայքարը խորհրդարանական համակարգի գործունեությանը խոչընդոտող սուպերվարչապետության դեմ»:

Կիսանախագահական համակարգը ՌԵԳՐԵՍ է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել ԱՆՑՅԱԼՀայ ազգային կոնգրեսը…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Sonntag, 17. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս