
Աշոցքում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7, Հառիճում՝ 2 թեկնածու

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17-ին արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 7 թեկնածու է պայքարում: Նախկին Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար՝ 11 գյուղական բնակավայր մեկ ղեկավար են ընտրելու: Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, համայնքում գործում է 12 ընտրատեղամաս` ընդհանուր մոտ 5 հազար ընտրողով:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, տեղամասերը բացվել են ժամանակին, հանձնաժողովներից բողոքներ չեն ստացվել:
Բացի Աշոցք համայնքից, ընտրություններ են նաև Հառիճ համայնքում, սակայն, ի տարբերություն Աշոցքի, Հառիճում թեկնածուները երկուսն են՝ Բակուր Հովհաննիսյանը և համայնքի նախկին ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը: