Բաժիններ՝

«Օրենքով նախատեսված բոլոր գործառույթներն իրականացնելու հետո կխոսենք դատարան դիմելու մասին». Արամ Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի հայտարարության մասին

Արդեն մի քանի ամիս է՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջև տեղի է ունենում փոխադարձ «հրաձգություն»։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՊՎԾ պետը հայտարարեց, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են մոտավորապես 800 մլն դրամի չարաշահումներ, ինչին ի պատասխան՝  Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ ՊՎԾ-ից 18 հոգի 5 ամսվա ընթացքում ԵՊՀ-ում աշխատել են, սակայն փաստաթուղթը կազմել է 1 հոգի, որը  օրենքի խախտում է:

Ըստ նրա՝ ստուգումների արդյունքում հասկացել են, որ գործ ունեն  հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ. «Ստուգումները դեռ չեն ավարտվել, իսկ ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս չհիմնավորված հայտարարություններով: Սրանով նա խախտում է ՊՎԾ մասին օրենքի 3-րդ կետը: Ստուգվել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի գործունեություն:

Ընդամենը մտահոգություն են հայտնել 500 միլիոնի մասին, որի գերակշիռ մասը ծիծաղելի և ոչնչով չփաստարկված պնդումներ են: Փորձում են արատավորել ԵՊՀ բարի համբավը, և ես պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ: Չեմ բացառում, որ նման քայլեր անում են այն պատճառով, քանի որ ինքս ՀՀԿ անդամ եմ»,- հայտարարել էր Արամ Սիմոնյանը։

Այսօր արդեն Կառավարության նիստից հետո ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ ԵՊՀ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի հայտարարությանը, որ իրեն դատի կտա, Դավիթ Սանասարյանն ասել էր, որ իրենք որևէ ընթացակարգ չեն խախտել: «Ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա»,- ասել է նա։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադառնալով Դ. Սանասարյանի հայտարարությանը, նշեց, որ դատարան դիմելու խնդրի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ գործը դեռևս գտնվում էԴատախազությունում։

«Երբ Դատախազությունն կիրականացնի օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, այդ թվում՝ քննչական մարմինները, ապա դրանից հետո գործը կգնա դատարան, ինչից հետո արդեն կխոսենք դատարանի, կամ, ինչպես ինքն է ասում՝ դատարան դիմելու խրախուսման մասին։ Առայժմ նոր բան ասել չեմ կարող»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ԵՊՀ մի խումբ ուսանողների իրականացրած բողոքի ակցիային, որով պահանջում էին ռեկտորի հրաժարականը, Արամ Սիմոնյանը նկատեց. «ԵՊՀ-ում կա 17 000 ուսանող, նրանց մեջ մի քանի ուսանողի կարծիքին վերաբերվում եմ կատակով։ Դա նրանց խնդիրն է, նրանք կարող են իրենց կարծիքն արտահայտել»,- եզրափակեց մեր Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ԵՊՀ մի խումբ ուսանողներ «ազատ, անկախ ուսանող» պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը, և իրենց պահանջը հիմնավորում էին նրանով, որ Արամ Սիմոնյանը տարիներ շարունակ գործել է հակաուսանողական։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս