
«Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը». Հայկ Մարության

«Ցավոք, Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է ամենավերջին կետին՝ վատ իմաստով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Չգիտեմ, թե ինչու են անընդհատ ասել, որ մեկ տարի հետո կամ երկու տարի հետո կլինի տրանսպորտային ցանց, և տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, որպեսզի արդիականացնեն շարժակազմը: Նաև վատ լուր էլ ասեմ՝ միկրոավտոբուսներն օրենքով պետք է շահագործվեն 15 տարի, դրանից շատ չեն կարող: Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ ամեն օր մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն, ուղիղ կեսը չի կարողանալու շարունակել աշխատանքները: Մենք այս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել այս խնդիրները: Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը երկու տարի հետո կարող է լինել, խնդիրն այն է, որ պետք է հասկանանք՝ բա այս երկու տարվա ընթացքում ի՞նչ ենք անելու»,- նշեց քաղաքապետը:
Անդրադառնալով Երևանի տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագրին՝ Հայկ Մարությանն ասաց, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։
Անի Կարապետյան