
ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում առաջարկությունների փաթեթով հանդես գալ: Առաջարկներից մեկն էլ վերաբերելու է նախընտրական քարոզչության մասին հստակ սահմանում ունենալուն:
Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նախընտրական քարոզչության հետ կապված կարևոր առաջարկություն կա: Մենք նախընտրական քարոզչությանը վերաբերող բավականին շատ իրավանորմեր ունենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում: Սակայն օրենքում բուն նախընտրական քարոզչության սահմանում, որպես այդպիսին, տրված չէ, որ մարդը հասկանա՝ ինչ պետք է խախտի, որ դրա համար ենթարկվի պատասխանատվության»,- ասաց Մուկուչյանը:
Նա նշեց՝ հաճախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցնում են ՝ արդյոք ընտրության օրը որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից խոսելը կարո՞ղ է դիտվել նախընտրական քարոզչություն և հետևանքի հանգեցնել: Եվ Մուկուչյանի կարծիքով՝ այս առումով պետք է նախընտրական քարոզչության հստակ սահմանում լինի: