Վրաստանը ողջունում է ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սևծովյան տարածաշրջանում
Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է Մյունխենում՝ ելույթ ունենալով անվտանգության 55-րդ խորհրդաժողովի շրջանակներում Սեւ ծովի անվտանգության հարցերի նվիրված միջոցառմանը: Նախարարի խոսքը փետրվարի 15-ին հրապարակել է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Իր ելույթում Դավիթ Զալկալիանին ուշադրությունը կենտրոնացրել է Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության եւ այնտեղ ՆԱՏՕ-ի դերի ուժեղացման վրա: «Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում. դա կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-հայտարարել է նախարարը:
«Առանց Սեւ ծովի անվտանգության հնարավոր չէ անվտանգ Եվրոպայի գոյությունը»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փետրվարի 14-ին Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:
«Մենք դիտարկում ենք Սեւ ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել է Ստոլտենբերգը:
Անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Մամուկա Բախտաձեն. պատվիրակության կազմում են՝ ԱԳ նախարար Դավիթ Զալկալկալիանին եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: