
«Պետք է հանրությանը հասանելի լինի՝ որտեղ ինչ աշխատատեղ կա ինչ աշխատավարձով». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդարդարձավ աշխատատեղերի խնդրին՝ ասելով. «Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ մենք պետք է, ի վերջո, ունենանք ամփոփ պատկերացում: Ընդ որում, խոսքը ոչ թե այն աշխատատեղերի մասին է, որոնք սովորական սխեմաներով արձանագրվում են, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները համատեղ պետք է անցնեն բոլոր ընկերություններով, հնարավոր բոլոր տեղերով և հաշվառեն:
Ընդ որում, մեզ ոչ թե թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, որպեսզի կառավարությունն այս ինֆորմացիային տիրապետի, և այս ինֆորմացիան պետք է հանրությանը հասանելի լինի՝ որտեղ ինչ աշխատատեղ կա ինչ աշխատավարձով: Այս ընթացքում մենք պետք է շատ լրջորեն մտածենք մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքի պաշտպանության մեխանիզմները բարելավելու մասին, որպեսզի չհավասարակշռված մոտեցումների չգանք:
Տիկին Բաթոյան, սրա մասին արդեն խոսել ենք, այն է՝անարդար կերպով ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության մասով Կենտրոնական բանկի հետ համագործակցություն է հաստատվել շատ ակտիվ, այս առումով աշխատում են, աշխատեք միասին և շատ արագ այս հարցերը լուծեք»: