
Վենեսուելային 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն են խոստացել

Վենեսուելան կարող է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Հաջակցություն Վենեսուելայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովում, որն անցկացնում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, 25 երկրներ 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն խոստացան»,- գրել է Բոլթոնը Twitter-ում:
ԱՄՆ-ում Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Կառլոս Վեկիոն, ելութ ունենալով խորհրդաժողվի բացմանը, հայտարարել է, որ գերակայություն է մարդասիրական օգնությունը մինչեւ փետրվարի 23-ը երկիր հասցնելը: Սպասվում է, որ դրամական միջոցներն ուղղակիորեն կստացվեն հումանիտար օգնության այն կենտրոններում, որոնք տեղաբաշխված են Կոլումբիայի եւ Բրազիլիայի հետ Վենեսուելայի սահմաններին:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում հայտարարել է, թե Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին:
«Մարդասիրական օգնությունը, որի կարիքն ամենից շատ ունի Վենեսուելան, վարչակարգի փոխարինումն է, իշխանությունը բռնատիրած դիկտատուրայի հեռանալը: Եթե դա տեղի չունենա, մենք ստիպված կլինենք նման խորհրդաժողով կազմակերպել ամեն շաբաթ, անվերջ»,- ասել է նա: «Դա այն որոշումն է, որն անհրաժեշտ է Վենեսուելային: Դա գլխավոր մարդասիրական օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել Վենեսուելային: Դրա վրա է պետք կենտրոնացնել մեր ջանքերը»,- հավելել է ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: