Գողություն Երևանի Սարյան փողոցում գործող սրճարանի հանդերձարանում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
2018թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից 13:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սարյան փողոցում գործող սրճարանի հանդերձարանում իր պայուսակից գումար է հափշտակվել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է սրճարանում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: