«Մադուրոյի հեռանալը լավագույն մարդասիրական օգնությունը կլինի Վենեսուելային». Լուիս Ալմագրոն
Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին: Փետրվարի 14-ին այս պնդմամբ հանդես է եկել Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում, որը գումարվել էր հարավամերիկյան հանրապետությանը մարդասիրական օգնության մատակարարումների քննարկման համար։
«Մարդասիրական օգնությունը, որի կարիքն ամենից շատ ունի Վենեսուելան, վարչակարգի փոխարինումն է, իշխանությունը բռնատիրած դիկտատուրայի հեռանալը: Եթե դա տեղի չունենա, մենք ստիպված կլինենք նման խորհրդաժողով կազմակերպել ամեն շաբաթ, անվերջ»,- ասել է նա:
«Դա այն որոշումն է, որն անհրաժեշտ է Վենեսուելային: Դա գլխավոր մարդասիրական օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել Վենեսուելային: Դրա վրա է պետք կենտրոնացնել մեր ջանքերը»,- համոզված է ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: